Յունիբանկն ավտոմատացրել է միկրոբիզնեսի համար նախատեսված վարկերի հաստատումը

Ուրբաթ 14.12.2018

Յունիբանկն ավտոմատացրել է միկրոբիզնեսի համար նախատեսված մինչեւ 2 մլն դրամ գումարի անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրության գործընթացը: 

Բանկում նշել են, որ վարկային կոնվեյերը հիմնված է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության մշակած CRM համակարգի վրա: 

«Հայտերի ձեւակերպման եւ վերլուծության գործընթացի ավտոմատացման շնորհիվ՝ Յունիբանկում հաճախորդի վարկունակությունը գնահատվում է առավելագույնս արագ եւ պատասխանը տրամադրվում է հայտը ներկայացնելուն պես: 

Ճկուն մոդուլային կառուցվածքի շնորհիվ՝ համակարգը կարելի է համապատասխանեցնել գոյություն ունեցող ցանկացած խնդրին, նշել պրոդուկտների բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու փոխել հասանելիության պայմանները։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս բացառելու մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս եւ էապես տնտեսում է հաճախորդների ժամանակը։ 

Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ վարկառուների բազայի ձեւավորման խնդիրը եւ մի քանի անգամ բարձրացնում կորպորատիվ բիզնեսի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում: 

Բիզնեսին օժանդակելը Յունիբանկի զարգացման հեռանկարային ուղղություններից է: 

«Հաշվի առնելով «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության հետ հաջող փորձը մանրածախ ոլորտում՝ մենք որոշեցինք շարունակել մեր համագործակցությունը եւ ներդնել CRM համակարգ նաեւ բիզնես վարկերի համար: Այդպիսով, մենք հաճախորդներին առաջարկում ենք ավելի հարմար եւ արագ սպասարկում, միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը: Մենք կշարունակենք ակտիվ տեմպերով մեծացնել միկրոբիզնեսի ֆինանսավորման ծավալները եւ արդեն 2019 թվականին վարկային կոնվեյերի միջոցով կհաստատենք մինչեւ 4 մլն ՀՀ դրամ գումարի վարկեր»,- նշել է բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ 

2018-ի հունվար-նոյեմբերին միկրոբիզնեսին Յունիբանկի տրամադրած վարկերի քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով, իսկ պորտֆելի հավելաճը կազմել է 32%: