Թուրքիան կրիպտոհարթակների վրա է դնում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման պատասխանատվությունը

Երկուշաբթի 03.05.2021

Թուրքիան կրիպտոարժույթի առքուվաճառքի հարթակները ավելացրել է այն ընկերությունների ցուցակում, որոնք փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին դրույթների գործողության տակ են։ Այս մասին նշված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրում, գրում է թուրքական Ahval գործակալությունը:

Նախագահի հրամանագրում նշվում է, որ «կրիպտոակտիվների ծառայություններ մատակարարողները» այժմ պատասխանատվություն կկրեն, եթե նրանց ակտիվներն օգտագործվեն փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման համար: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Կրիպտոարժույթի առքուվաճառքի Թուրքիայում հիմնված երկու հարթակների՝ Thodex-ի եւ Vebitcoin-ի գործունեությունը վերջին շաբաթներին կասեցվել է խարդախության մեղադրանքով: Ուրբաթ օրը Թուրքիայի իշխանություններն արգելել են կրիպտոարժույթներն օգտագործել վճարումներ կատարելու համար՝ հայտարարելով, որ գործարքները չափազանց ռիսկային են սպառողների համար: Կրիպտոարժույթները երկրում ավելի տարածված են դառնում, քանի որ մարդիկ պաշտպանություն են փնտրում լիրայի անկումից եւ երկնիշ ինֆլյացիայից: