Պարենամթերքի համաշխարհային գնաճը թարմացրել է 2011 թվականի հուլիսի ռեկորդը

Երկուշաբթի 08.11.2021

Պարենային ապրանքների գների համաշխարհային ինդեքսը հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատո աճել է 3 տոկոսով՝ հասնելով 133,2 կետի. այդպիսով գներն աճել են 2011 թվականի հուլիսից ի վեր ռեկորդային մակարդակի, ինչը գլխավորապես կապված է բուսական յուղի և հացաբույսերի գների աճի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետևում է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) մամուլի տեղեկագրից:

Այսպես, բուսական յուղերի ինդեքսը սեպտեմբերի դրությամբ կտրուկ ավելացել է 9,6 տոկոսով կամ 16,3 կետով՝ հասնելով 184,8 կետի. այս բարձրացումը գլխավորապես բացատրվում է արմավենու, սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գների աճով:

Հացաբույսերի գների ինդեքսը հոկտեմբերին աճել է 3,2 տոկոսով կամ 4,3 կետով՝ մինչև 137,1 կետ, ընդ որում՝ ամենաշատը թանկացել է ցորենը՝ ակտիվ համաշխարհային պահանջարկի դեպքում արտահանական առաջարկի կրճատման արդյունքում. թանկացել Է նաև գարին, նշում է կազմակերպությունը:

Թանկացել է նաև, թեև ոչ այնքան, կաթնամթերքը, որի գների ինդեքսը հոկտեմբերին աճել է մինչև 120,7 կետ: Միևնույն ժամանակ ամենից շատ բարձրացել են ճարպազերծված կաթի փոշու, անքաշ կաթի և սերուցքային կարագի գները, ասվում է տեղեկագրում:

Մսի գների ինդեքսը կազմել է 112,1 կետ՝ ցուցաբերելով 0,7 տոկոսով կամ 0,8 կետով նվազում: Ամենաշատն ընկել են խոզի մսի գնանշումները: Դա բացատրվում է գլխավորապես Չինաստանի կողմից գնումների կրճատմամբ: Նաև ընկել են տավարի մսի գները, որը կապված Է մսի կտրուկ Էժանացման հետ, որը մատակարարվում Է Բրազիլիայից: Թռչնամսի գների գնանշումները, ընդհակառակը, աճել են աշխարհում բարձր պահանջարկի ազդեցությամբ. միեւնույն ժամանակ արտադրության ծավալները դանդաղորեն աճում են կերերի թանկացման և թռչնագրիպի բռնկումների պատճառով, հատկապես Եվրոպայում:

Ի վերջո, շաքարի գների ինդեքսը հոկտեմբերին կազմել է 119,1 կետ (նվազումը 2,1 կետով կամ 1,8 տոկոսով): Ցուցանիշի նվազումը կապված է համաշխարհային շուկաներում ներմուծման սահմանափակված պահանջարկի և Հնդկաստանի ու Թաիլանդի կողմից արտահանման ծավալների կանխատեսվող ավելացման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: