Երկուշաբթի 29.04.2019
|
Նոբելյան մրցանակի դրամական բաղադրիչը յուրաքանչյուր անվանակարգում այս տարի, ինչպես և 2018 թվականին, կկազմի 9 մլն կրոն ($949 400): Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Նոբելյան հիմնադրամը:
«Այսօր Նոբելյան հիմնադրամի կառավարման խորհուրդը 2019 թվականի մրցանակի չափը սահմանել է 9 մլն շվեդական կրոն յուրաքանչյուր անվանակարգի համար»,– ասվում է հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:
Եթե 2011-ին Նոբելյան մրցանակի գումարը հասնում էր 10 մլն կրոնի (1.5 մլն դոլար), ապա 2012-ին արդեն նվազել էր մինչև 8 մլն կրոնի (1.2 մլն դոլար)՝ կապված անբարենպաստ տնտեսական իրավիճակի հետ: 2017-ին դրամական բաղադրիչը կազմել է 9 մլն կրոն (1.07 մլն դոլար):
Այս տարի շվեդական ազգային արժույթի փոխարժեքի նվազմամբ պայմանավորված դոլարային համարժեքը նույնպես նվազել է:
Նոբելյան շաբաթը Ստոկհոլմում կմեկնարկի հոկտեմբերի 7-ին՝ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի դափնեկրի հայտարարմամբ: Հոկտեմբերի 11-ին Օսլոյում կհայտարարեն խաղաղության մրցանակի դափնեկրին, իսկ 14-ին կրկին շվեդական մայրաքաղաքում՝ տնտեսության ոլորտի մրցանակակրին: