Moody's վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է B1 վարկանիշ

Երեքշաբթի 07.08.2018

Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է B1 վարկանիշ:

Ամերիաբանկից տեղեկացնում են, որ հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է հետևյալ վարկանիշները՝ ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ, կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ:

Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա:

Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար:

Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական շուկայում, ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի, իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները: Միաժամանակ, Ամերիաբանկի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով և արտարժույթով վարկերի էական տեսակարար կշռով:

Վարկանիշները սահմանելիս Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ: Մասնավորապես, նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում: 31.03.2018թ. դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3.9%՝ 2017թ. տարեվերջի 4.1%-ի համեմատ, խնդրահարույց վարկերի ծածկման գործակիցը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 87%՝ 2017թ. տարեվերջի 57%-ի համեմատ: Միաժամանակ, տարեվերջին արտարժութային վարկերի տեսակարար կշիռը եղել է բարձր՝ 82%, ինչը բերում է ակտիվների որակի զգայունությանը փոխարժեքային տատանումների նկատմամբ: Սակայն մյուս կողմից, այդ վարկառուների էական մասն արտահանողներ են, որոնք ապահովում են արտարժութային հասույթ, որն էլ մասամբ նվազեցնում է փոխարժեքային տատանումներից բխող վարկային ռիսկը:

Moody's-ը կարևորել է նաև այն համգամանքը, որ Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված բաժնետիրական կառուցվածք և անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավել լրացուցիչ կապիտալ: Մասնավորապես, Ասիական Զարգացման Բանկի ներդրման շնորհիվ 2018 թ. Բանկի սեփական կապիտալը համալրվել է 30 միլիոն ԱՄՆ դոլարով: Կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 14.05%, իսկ Բազել I-ի պահանջներին համապատասխան՝ շուրջ 19%: 2018թ. առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2.56 մլրդ ՀՀ դրամ (56% աճ՝ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ): Արդյունքում` ակտիվների միջին եկամտաբերությունը տարեկան կտրվածքով կազմել է 1.5%, եկամտաբերությունն ըստ կապիտալի ՝ 13.4%: