Մինչեւ 40 տարեկան միլիարդատերերի թիվն աշխարհում մեկ տարում հասել է 79-ի

Չորեքշաբթի 14.04.2021

Առնվազն 1 միլիարդ դոլար կարողություն ունեցող աշխարհում մինչեւ 40 տարեկան միլիարդատերերի թիվն այս տարի ավելացել է՝ հասնելով 79-ի, ինչը 26-ով ավել է 2020 թվականի համեմատ: Այս մասին ասվում է Hurun բիզնես պարբերականի կողմից հրապարակված հետազոտության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վարկանիշում ընդգրկված միլիարդատերերի ընդհանուր կարողությունը տարվա ընթացքում աճել է 1.5 տրիլիոն յուանով (մոտ 230 միլիարդ դոլար) եւ ներկայումս մոտ 3.4 տրիլիոն յուան ​​(մոտ 523 միլիարդ դոլար) է կազմում: Նրանցից 74-ին, ըստ զեկույցի, հաջողվել է մեծացնել իրենց կարողությունը:

Այս ցուցակից հարուստ մարդիկ ապրում են Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Հնդկաստանում, Կանադայում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ-ում, Սինգապուրում եւ Շվեդիայում: Նրանց մեծ մասն ապրում է ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հնդկաստանում:

Երիտասարդ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Facebook-ի 36-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 653 միլիարդ յուան ​​(մոտ 100 միլիարդ դոլար) կարողությամբ: Երկրորդ տեղում ByteDance-ի չինացի 38-ամյա ղեկավար Չժան Իմինն է, ում կարողությունը 350 միլիարդ յուան ​​(մոտ 53 միլիարդ դոլար) է գնահատվում: Վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակում է Beijing Kuaishou Technology-ի 39-ամյա հիմնադիր Սու Հուան՝ մոտ 155 միլիարդ յուան (մոտ 23 միլիարդ դոլար) կարողությամբ: