Լոռու մարզում նախատեսված է կառուցել հանք, իսկ մարզի բնակիչները տեղյակ չեն անցկացվող հանրային քննարկումների մասին. մարզի 75%-ը վտանգի տակ է․ բնակիչներ

Ուրբաթ 16.04.2021

Ապրիլի 16-ին Լոռու մարզում նախատեսվում են հանրային քննարկումներ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊ Ընկերության կողմից, որտեղ պետք է ներկայացվի «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ: Հանրային քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում: Մարգահովիտի քաղաքացի Արա Կոծինյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց՝ հանրային քննարկումների մասին բնակիչներին չի ասվել և այդ ամենը կազմակերպվում է բավականին սուղ ժամկետներում, որպեսզի բնակիչները չմասնակցեն և չհայտնեն իրենց բողոքը:

«Ժողովուրդը պետք է տա իր համաձայնությունը, որ հանքերը կառուցվեն ու շահագործվեն, բայց ժողովուրդը անգամ տեղյակ չէ, որ հանրային քննարկումներ են կազմակերպվելու, ես, օրինակ, տեղեկացել եմ ընդամենը երեկ ու հաշված ժամերի ընթացքում փորձում եմ մյուս քաղաքացիներին տեղեկացնել: Ժողովուրդը, բնականաբար, տեղյակ չլինելով, ներկա չի գտնվի քննարկմանը և չի ներկայացնի իր բողոքը»,-ասաց Արա Կոծինյանը:

Քաղաքացին նշեց՝ բնակիչները միաձայն դեմ են, որ հանքը կառուցվի և շահագործվի, քանի որ մարզն իր գեղատեսիլ վայրերով հանդերձ վտանգի տակ է:

«Մարզը միշտ աչքի է ընկել իր գեղատեսիլ վայրերով, բայց եթե հանքը շահագործվի, միանշանակ էկոլոգիական աղետից հնարավոր չի լինի խուսափել, օրինակ՝ Եղեգնուտի տարածքներն ամբողջությամբ գրեթե շահագործվում են, և դա ուղղակիորեն աղետ է»,- նշեց քաղաքացին:

Մեզ հետ զրույցում Եղեգնուտի համայնքապետ Սարգիս Հակոբյանը նշեց՝ սպասում են հանրային քննարկումներին, որպեսզի բնակիչներին մանրամասն ներկայացվի՝ ինչ է իրենից ենթադրում այդ հանքը և ինչ էկոլոգիական խնդիրներ են հնարավոր հանքի շահագործման դեպքում:

«Համայնքի բնակչությունը դեռ չունի հստակ դիրքորոշում, քանի որ տեղեկացված չեն՝ հանքը իրենից ինչ է ենթադրում, բայց մի բան փաստ է՝ թե՛ ես, թե՛ համայնքի բնակիչները դեմ ենք մի կառույցի ստեղծմանը և շահագործմանը, որը կարող է վնաս հասցնել բնությանը, բայց բնակիչները և համայնքի ղեկավար կազմը կառուցողական են տրամադրված»,- ասաց Սարգիս Հակոբյանը:

Լոռու մարզի բնակիչ Գևորգ Վարդանյանը մեզ հայտնեց՝ Քարաբերդում ոսկու հանք է շահագործվում և փաստացի հանքի մշակումներն իրականացվում են այնտեղ, իսկ փոշին ամբողջությամբ լցվելու է Վանաձոր:

«Քարաբերդի հանքը շահագործվում է, հումքը հանում են, այդ համայնքում հիմա գործարան են սարքում և պետք է հանքի մշակումներն իրականացվեն այնտեղ, չնայած Վանաձորն այդ ծրագրում ներգրավված չէ, բայց միևնույնն է, այդ փոշին լցվելու է քաղաք»,- ասաց Գևորգ Վարդանյանը:

Քաղաքացին նաև հավելեց՝ հանքում որևէ աշխատատեղ չի բացվել բնակիչների համար և որևէ օգուտ չի եղել այդ հանքից:

«Մի քանի տարի առաջ է այդ հանքը կառուցվել ու վնասից բացի՝ ոչ մի օգուտ չի տվել, ոչ մի աշխատատեղ չի բացվել և այլն: Հանքը, որը կառուցվելու է, կործանարար է մարզի համար, քանի որ մոտ 75 % մարզի  ուղղակի կործանվելու է »,- նշեց քաղաքացին:

Քարաբերդի համայնքապետ Յուրիկ Շավելյանը հայտնեց՝ նախնական տեղեկություններով՝ համայնքը կողմ է նոր հանքի կառուցմանը Լոռիում, բայց կա մի նախապայման՝ հանքը պետք է լինի փակ:

«Համայնքը տվել է իր համաձայնությունը հանքի բացման և շահագործման համար, բայց մենք հանդես ենք եկել առաջարկությամբ, որ հանքը պետք է լինի փակ, բայց ամեն բան պարզ կլինի ընթացքում և հետագա լսումների ժամանակ»,- ասաց Յուրիկ Շավելյանը:

Վահագնի և Վահագնաձորի համայնքի ղեկավարները մեզ հետ զրույցում ընդգծեցին՝ դեմ են հանքի շահագործմանը, քանի որ կան տարածքային և էկոլոգիական խնդիրներ:

Վահագնիի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը՝ անմիջապես ներգրավված չեն հանքի կառուցման և շահագործման գործընթացում:

«Մենք այդքան էլ ներգրավված չենք և հետևաբար տեղյակ չենք մանրամասներին, բայց ըստ այն տեղեկությունների, որոնց տիրապետում ենք, դեմ ենք հանքի կառուցմանը և հանրային քննարկումներ հնարավոր է մեր համայնքում չլինեն, քանի որ բավականին մեծ թվով վարակակիրներ ունեն»,- տեղեկացրեց Սուրեն Կոստանդյանը:
Վահագնաձոր համայնքի ղեկավար Էդիկ Եղոյանը նշեց՝ համայնքում կան կամուրջներ և ճանապարհներ, որոնց վրա ուղղակիորեն անհնար է որևէ բան կառուցել այդ տարածքը նախատեսված չէ հանքի համար:

«Եթե հանքը բացվի, ապա ըստ քարտեզի մեր տարածաշրջանով է անցնելու, մենք համայնքում ունենք կամուրջ և այնպիսի ճանապարհներ, որոնք համապատասխան չեն հանքի տոխնիկաների ծանրությանը, այսինքն` մեր տարածաշրջանը և հանքի մասշտաբները բացարձակապես չեն համապատասխանում, իսկ բնապահպանական տեսանկյունից մասնագետները ավելի մանրամասն կներկայացնեն, բայց մեծամասամբ մենք դեմ ենք»,- ասաց Էդիկ Եղոյանը:

Նշենք՝ հանքի դաշտը հարակից է Փամբակի և Ծաղկունյան լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Մարգահովիտի և Գյուլագարակի սոճու պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին: