Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող բանկ

Երկուշաբթի 19.11.2018

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող բանկ: Բանկում նշել են, որ մասնակիցներին և հյուրերին է ներկայացվել բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը: 

«Դեռ ուսման տարիներից ցանկություն ունեի աշխատելու Կոնվերս Բանկում, բայց, անկեղծ ասած, չէի հավատում, որ այսպես, ուղղակի մի հայտ լրացնելով նախորդ կարիերայի տոնավաճառի ժամանակ, կկարողանամ իրականացնել ցանկությունս: Կարիերայի տոնավաճառից կարճ ժամանակ անց ինձ բանկ հրավիրեցին, իսկ վերապատրաստումից հետո՝ փետրվարից աշխատանքի անցա Կոնվերս Բանկում»,-ասել է Աննա Ֆերոյանը:

«Այս տոնավաճառին Կոնվերս Բանկը ներկայացնում է թափուր աշխատատեղեր թե՛ սպասարկման ոլորտում, թե՛ ՏՏ և մարքեթինգի ստորաբաժանումներում: Բանկը բազմիցս հայտարարել է իր աշխատանքներում երիտասարդների ներգրավման պատրաստակամության մասին: Այսօր մեր թիմակիցների գրեթե կեսը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրն իր հետ բանկ է բերել նոր գաղափարներ ու ծրագրեր: Բանկն իր հերթին ստեղծում է միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են իրացնել իրենց ներուժը և զարգացման հնարավորություններ է ընձեռում նրանց»,- նշել են բանկում: 

Այս անգամ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը կազմակերպվել է CareerLab-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մասնակցել է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ձեռնարկություն: