Իրանը դեռ սպասում է ՀՀ–ի արձագանքին. բեռնատարների խնդրով պայմանավորված գնա՞ճ է սպասվում

Երեքշաբթի 14.09.2021

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների ստուգման առնչությամբ Իրանը գնահատական տալ չի շտապի`նախ կսպասի ՀՀ կողմից պաշտոնական արձագանքի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանն` անդրադառնալով Սյունիքի մարզում իրանական բեռնատարների երթևեկության հետ կապված խնդրին։

Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են ուզում։

«Իրանական կողմը սպասողական վիճակում է` ամեն ինչ կախված է ՀՀ արձագանքից, որը դեռ չկա։ Ճիշտ է, Իրանը բացասական է վերաբերվում այս խնդրին, քանի որ մեծ կարևորություն է տալիս հայ–իրանական առևտրաշրջանառությանը»,–ասաց Միսակյանը։

Նա հիշեցրեց նախորդ ամիս` օգոստոսի 5-ին, Իրան այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ ՀՀ–ն հանձնառություն ունի Իրանի հետ ունեցած հարաբերություններն ամենաբարձր մակարդակով խորացնելու։ Սյունիքում ստեղծված իրավիճակը, ըստ իրանագետի, խանգարելու է դրան. հայ-իրանական միջպետական ճանապարհի հետ կապված ցանկացած խնդիր առևտրատնտեսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն կունենա։

Միսակյանը կարծում է, որ այս ամենը բացասական ազդեցություն կունենա նաև Հայաստանի միջազգային դիրքի վրա։ Նրա խոսքով` այսօր իրանական կողմում սոցցանցային մակարդակում բավականին բացասական են վերաբերվում այն հանգամանքին, որ հայկական կողմը չի կարողանում իր ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանել։

Ինչ վերաբերում է այս ֆոնին իրանա-ադրբեջանական հարաբերություններին, ապա այս ամենի հետևանքով դրանք վերանայվել չեն կարող։

«Իրան-Ադրբեջան հարաբերություններն առանձին են դիտարկվում, իսկ հայ–իրանական, ինչպես նաև Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հետ կապված խնդիրները` առանձին։ Հատկապես, երբ հայկական կողմից չեն հնչում հայտարարություններ, որ Ադրբեջանի այս քայլը միջպետական սահմանի խախտում է»,–ասաց Միսակյանը։

Նա հավելեց նաև, որ այս ամենից զատ, Իրանում նոր կառավարությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման գործընթաց է սկսել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում