IDBank-ի աջակցությամբ կազմակերպվել է Ֆրենչայզինգի համաժողով

Հինգշաբթի 06.09.2018

Երևանում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝ IDBank-ի հետ համատեղ, սեպտեմբերի 5-ին կազմակերպել էին «Ֆրենչայզինգը Հայաստանում» մեկօրյա համաժողով: 

«Կարևորելով Հայաստանում ֆրենչայզինգի զարգացման հեռանկարներն ու ամերիկյան գործարարների հետ հայ ներդրողների կապերի ակտիվացումը՝ IDBank-ը, հովանավորելով ամերիկյան դեսպանության այս նախաձեռնությունը, նպատակ ունի աջակցել հայ ներդրողներին և ամերիկյան գործարարներին բացահայտելու Հայաստանում ֆրենչայզինգի գործունեության հնարավոր ոլորտներն ու համագործակցության հեռանկարները»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Ամերիկյան երեք խոշոր կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի, Baskin Robbins-ի և Domino’s Pizza-ի ներկայացուցիչների հետ միասին համաժողովին ներկա էին ավելի քան 50 հայ գործարար և պետական պաշտոնյաներ։ 

Ամերիկյան կողմը ներկայացրել է ֆրենչայզինգի իր հայեցակարգը, տեղական հայտնի ընկերությունների ներկայացուցիչներն էլ խոսել են բիզնեսի, իրավական ու ֆինանսական հարցերի, ինչպես նաև ֆրենչայզինգի զարգացման համատեքստում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորության մասին:

IDBank-ի Միջազգային առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Իննեսա Ամիրբեկյանը ներկայացրել է բանկերի կողմից ֆրենչայզների ֆինանսավորման լուծումներն ու հնարավորությունները: 

«Բանկերը կարեւոր օղակ են հանդիսանում ֆրենչայզինգի ներդրման և զարգացման գործում, քանի որ, ինչպես դա ընդունված է համաշխարհային պրակտիկայում, բանկերը հատուկ մասնագիտացված բաժինների միջոցով ֆրենչայզինգի ոլորտում ներգրավված իրենց հաճախորդներին առաջարկում են ոչ միայն ֆինանսական ծառայություններ, այլ նաև բարձր մասնագիտական խորհրդատվություն և համագործակցություն։ Չնայած Հայաստանի բանկային համակարգում ֆրենչայզինգի ֆինանսավորման ծրագրեր դեռ չեն գործում, IDBank-ն առաջարկում է հատուկ լուծումներ այն գործարարներին, որոնք մտադիր են սկսել կամ ընդլայնել իրենց բիզնեսը ֆրենչայզինգի միջոցով»,- ասել է Իննեսա Ամիրբեկյանը։

Բանկում հիշեցրել են, որ նմանատիպ համաժողով կազմակերպվել է 2015-ին, որի արդյունքում Tutti-Frutti Frozen Yogurts-ը տեղի գործընկերների հետ ձեռք բերված ֆրենչայզինգի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանում հիմնել է ընկերության երկու կետ: