Գլխավոր Նորություններ

Հիմնական ներդրումները լինում են տնտեսության ներքին սպասարկման ճյուղերում, պետք է խրախուսել արտահանումը․ ֆինանսների փոխնախարար

Հիմնական ներդրումները լինում են տնտեսության ներքին սպասարկման ճյուղերում, պետք է խրախուսել արտահանումը․ ֆինանսների փոխնախարար

Երեքշաբթի 30.04.2019

ԱԺ-ում մեկնարկեց Հարկային օրենսգրքի ու կից օրենքների հետ կապված խորհրդարանական լսումները, որը կազմակերպել է ԱԺ տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովը։ Առաջինը ելույթ ունեցավ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նա հայտարարեց, թե մինչև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ներկայացնելը կատարել են վերլուծություններ, որպեսզի ախտորոշեն տնտեսական ներկայիս իրողությունները։

«Առաջին միտումը, որ նկատել ենք, որն անհանգստացնող նշանակություն ունեցավ  այն է, որ արտահանմանը կողմնորոշված ճյուղերը զիջում են տնտեսությունում ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների կամ ճյուղերի շահութաբերությանը՝ այդ տարբերությունը երբեմն հասնում է 2,56 գործակցի։ Այսինքն՝ ներքին սպառումն ավելի շահութաբեր է, քան արտահանումը։ Հիմնական ներդրումները լինում են տնտեսության ներքին սպասարկման ճյուղերի վրա»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ն՝ իբրև բաց տնտեսություն ունեցող երկիր, չի կարող տնտեսական զարգացումը կապել միայն ներքին սպառման ճյուղերի զարգացման հետ։ Պողոսյանը կարծում է, որ պետք է բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել արտահանում՝ կայուն նախադրյալներ ստեղծելով երկարատև տնտեսական աճի համար։

«Ինչպես աջակցել արտահանողներին հարկային գործիքներով, որոնք սահմանափակ են այն առումով, որ ԱԱՀ-ից ու ակցիզային հարկից ազատված են, հետևաբար, հիմնական ուղղությունը պետք է լինի հարկերի գծով բեռի նվազեցումը։ Առաջարկվում է շահույթահարկի դրույքաչափը նվազեցնել 2 տոկոսային կետով և դնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափ։ Եկամտային հարկի մասով նախատեսվում է 2020 թ․ հունվարի 1-ից 23 տոկոսը դարձնել դրույքաչափը՝ հետագայում նվազեցնելով մեկական տոկոս՝ հասցնելով մինչև 20 տոկոսի»,- ներկայացրեց Արման Պողոսյանը։

Վերջինս նկատեց, որ այս փոփոխությունները հանգեցնում են պետական բյուջեի եկամուտների կորստի։ Ըստ  նրա՝ 2017 թ․ գնահատականներով՝ եկամտահարկի կորուստը գնահատվել է 27,5 մլրդ դրամ, շահութահարկի գծով կորուստը շուրջ 11 մլրդ դրամ։ Պողոսյանը հավելեց, որ այս կորուստը լրացնելու համար անուղղակի հակերի բեռը բարձրացվել է։

Թողնել մեկնաբանություն