Գլխավոր Նորություններ

ՀՀ-ում իրավաբանական և ֆիզիկական անձանց մեկ տարուց ավելի ժամկետով ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքների հետազոտումը

ՀՀ-ում իրավաբանական և ֆիզիկական անձանց մեկ տարուց ավելի ժամկետով ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքների հետազոտումը

Երկուշաբթի 01.04.2019

Սույն հոդվածում կշարունակենք ուսումնասիրել հասարակությանը հուզող տոկոսադրույքների հիմնախնդիրը, որը իրապես դարձել է տնտեսության վրա ազդեցություն ունեցող գործոններից մեկը։ Տոկոսադրույքների իրական մեծությունների անկառավարելի աճը որոշ ֆինանսական սուբյեկտների մոտ, ինչպես փաստում է ԿԲ նախագահը, կարող է տնտեսության վերելքը զսպող գործիք դառնալ, որը չի բխում կառավարության ծրագրում նախանշած քայլերից և, ամենակարևորը, հանրության լայն շերտերի շահերից։ Նախորդ հոդվածում ծավալուն կերպով ուսումնասիրելով ֆիզիկական և իրավաբանական անձանց մինչև 1 տարի ժամկետով տրված վարկերը՝ այժմ անդրադարձ կկատարենք վարկերին, որոնք տրվում  են մեկ տարուց ավելի ժամկետով։

Մասնավորապես, ԿԲ տվյալների համաձայն՝ իրավաբանական անձանց տրամադրված մեկ տարուց ավել ժամկետով դրամային և դոլարային վարկերի տոկոսադրույքները 2018 և 2019թ-ի ամսական կտրվածքով ունեցել են հետևյալ դինամիկան․

Գծապատկեր 1․ Իրավաբանական անձանց  ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով մեկ տարուց ավել ժամկետով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2018 և 2019թթ ամսական կտրվածքով

Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի տոկոսադրույքները զգալի զիջում են ՀՀ դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքներին։ Այսպես, 2019թ-ի հունվարին և փետրվարին իրավաբանական անձանց ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի տոկոսադրուքները կազմել են համապատասխանաբար 9,2% և 8,4%:

Նկատում ենք, որ 2018թ-ի հունվարի և փետրվարին տոկոսադրույքները կազմել են 8,9%։ ՀՀ դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2019թ-ի հունվարին կազմել են 11,6%, որը մի փոքր ՝ 0,1%-ով, աճել է 2018թ-ի հունվարի համեմատ, իսկ 2019թ-ի փետրվարին, ընդհակառակը, 0,6%-ով նվազել է տոկոսադրույքը՝ կազմելով 11,0%։

Մյուս կողմում են ֆիզիկական անձիք, որոնց տրամադրված մեկ տարուց ավել ժամկետով ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքները ունեցել են հետևյալ դինամիկան․

Գծապատկեր 2․ Ֆիզիկական անձանց  ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով մեկ տարուց ավել ժամկետով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2018 և 2019թթ ամսական կտրվածքով

Նկատենք, որ ֆիզիկական անձանց տրամադրված  վարկերի տոկոսադրույքներն իրենց մեջ ներառում են սպառողական, հիփոթեքային և այլ տեսակի վարկերի տոկոսադրույքները։ 2019թ-ի հունվարին և փետրվարին ֆիզիկական անձանց ԱՄՆ դոլարով մեկ տարուց ավել ժամկետով տրամադրված վարկերի տոկոսադրույքները կազմել են համապատասխանաբար 12,3% և 11,6%։

Ընդ որում՝ 2018թ-ի հունվարի և փետրվարի համեմատ 2019թ-ի հունվարին և փետրվարին ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի տոկոսադրույքները չեն փոխվել։ ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքները նվազել են։ 2019թ-ի հունվարին 2018թ-ի հունվարի համեմատ տոկոսադրույքները նվազել են 1,5%-ով՝ կազմելով 12,9%, իսկ փետրվարին դրանք նվազել են 0,5%-ով՝ կազմելով 13,6%։

Թողնել մեկնաբանություն