Գլխավոր Նորություններ

ՀՀ ներքին պարտքը 2019թ․-ի հունվարին

ՀՀ ներքին պարտքը 2019թ․-ի հունվարին

Հինգշաբթի 14.03.2019

Համախառն պետական պարտքի հիմնախնդիրը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը: Տնտեսության որոշակի մակարդակի ապահովման պարագայում կարելի էր շատ չմտածել պետական պարտքը մարելու վտանգների մասին, սակայն ուսումնասիրելով ՀՀ մակրոտնտեսական մի շարք կարևոր ցուցանիշներ նկատում ենք, որ համախառն պարտքի նման ծավալները ՀՀ և նրա քաղաքացիների համար արդեն մեծ բեռ են և ժամանակն է, որ պետությունը զբաղվի պարտքի աստիճանական նվազեցման և արդյունավետ կառավարման քաղաքականությամբ: 

Աշխարհի բոլոր երկրների պարտքերը 2019թ-ի մարտի 12-ին դրությամբ կազմում են $72, 748,561,147,168: Այս պարտքի մեջ զգալի է ԱՄՆ պետական պարտքի ծավալը՝ $21,178,379,108,044 կամ ԱՄՆ ՀՆԱ-ի 114.04%-ը:

Ճապոնիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 251.29%-ը կամ $9,576,663,903,577: Չինաստանի պետական պարտքը կազմում է $5,142,913,335,333, որը կազմում է ՀՆԱ-ի 45.58%-ը:

Վերը բերված երկրները աշխարհի մասշտաբով հզոր պետություններ են, որոնց տնտեսությունները իրականում ունեն այնպիսի ներուժ, որպեսզի սպասարկեն իրենց պարտքային պարտավորությունները, սակայն սա չի նշանակում, որ պարտքային պարտավորությունների ձևավորված հսկայական մակարդակը խրախուսելի է։

Հայաստանի տնտեսությունը այնպիսի վիճակում է, որ պետական պարտքի շարունակական աճը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Այս համատեքստում ուսումնասիրենք ՀՀ պետական ներքին պարտքը, որը սկսել է դրսևորել աճման միտում.

Գծապատկեր 1․ ՀՀ ներքին պետական պարտքի ծավալները 2018թ-ի դեկտեմբերի, 2018 և 2019թթ-ի հունվարի վերջի դրությամբ

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ ներքին պետական պարտքը 2019թ-ի հունվարի 31-ի դրությամբ կազմել է  1,403.931 մլն ԱՄՆ դոլար, որը աճել է 2018թ-ի դեկտեմբերի վերջի համեմատ մոտ 14 մլն ԱՄՆ դոլարով, իսկ 2018թ-ի հունվարի 31-ի համեմատ՝ 81.3 մլն ԱՄՆ դոլարով:

2019թ-ի հունվարի վերջի դրությամբ պետական պարտքի ձևավորման հիմնական աղբյուրներն ուսումնասիրենք ստորև բերված գծապատկերում․

Գծապատկեր 2․ Ներքին պետական պարտքի բաղադրիչների ծավալները 2019թ-ի հունվարի և 2018թ-ի դեկտեմբռրի վերջի դրությամբ

Գծապատկեր 2-ից հետևում է, որ ներքին պարտքի հիմնական մասնաբաժինը պատկանում է ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, որի ծավալը 2019թ-ի հունվարի վերջի դրությամբ կազմել է 1,222.192մլն ԱՄՆ դոլար, որը աճել է 2018թ-ի դեկտեմբերի համեմատ մոտ 14 մլն ԱՄՆ դոլարով:

Երկրորդ հորիզոնականում է ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 172.739 մլն ԱՄՆ դոլար արդյունքով, որը 2018թ-ի դեկտեմբերի համեմատ փոփոխություններ չի կրել: Ներքին երաշխիքների ծավալը նույնպես չի փոխվել և վերջինիս ծավալը 2019թ-ի հունվարի վերջին կազմել է 9 մլն ԱՄՆ դոլար:

Թողնել մեկնաբանություն