ՀՀ ԿԲ-ի և Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Չորեքշաբթի 12.09.2018

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության հանձնաժողովի նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գու Շուքինգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջև արդյունավետ երկխոսությունը և գործակցությունը: Նա գոհունակությամբ փաստել է երկու երկրների ֆինանսական համակարգի կարգավորողների միջև արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցության բնագավառում, ինչի վկայությունն է 2015 թ. ստորագրված ազգային արժույթներով արտարժութային ՍՎՈՓ գործարքների իրականացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը:

Նա շեշտել է, որ կառույցների միջև ճիշտ համագործակցությունը և հաղորդակցումը նպաստում են ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման գործուն համակարգերի ձևավորմանը ու հստակ վերահսկողական չափանիշների մշակմանը:

Հանդիպման արդյունքներով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի բանկային համակարգի և ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջև, որը նշանավորում է երկու կառույցների միջև ֆորմալ վերահսկողական հարաբերությունների հաստատումը: