Գլխավոր Նորություններ

Bloomberg-ը նշել է համաշխարհային տնտեսության ռիսկերը 2019-ի համար

Bloomberg-ը նշել է համաշխարհային տնտեսության ռիսկերը 2019-ի համար

Հինգշաբթի 06.12.2018

Blomberg-ի վերլուծաբանները համաշխարհային առևտրային պատերազմները, Brexit-ի գործընթացն ու նավթի գնային տատանումները դասել են հիմնական ռիսկերի շարքին, որոնք կարող են խաթարել համաշխարհային տնտեսության աճը 2019 թվականին: Այս մասին նշվում է գործակալության կայքում հրապարակված նյութում:

Առաջնահերթ մատնանշվում են ԱՄՆ-Չինաստան փոխհարաբերությունները: Ըստ գործակալության փորձագետների՝ Վաշինգտոնի ու Պեկինի միջև առևտրային պատերազմը, չնայած Բուենոս Այրսում G20 գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Թրամփի և ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի միջև կնքված հաշտությանը, լուրջ ներգործություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության վրա: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ կողմերը 90 օրվա ընթացքում կփորձեն ելք գտնել ստեղծված իրավիճակից: Մասնավորապես, Թրամփը համաձայնել է չբարձրացնել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ 10-ից 20 տոկոս: Նշվում է, որ եթե 3 ամսվա ընթացքում Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության չգան և ամերիկյան կողմն այնուամենայնիվ բարձրացնի մաքսատուրքերը, ՉԺՀ ՀՆԱ-ն 2019-ին կարող է կորցնել մինչև 1,5%, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ ընդհանուր առմամբ 5%: 

Ռիսկերի շարքին է դասվել նաև Իտալիայում տիրող տնտեսական իրավիճակը: Հունիսին Եվրահանձնաժողովը Հռոմին հանձնարարեց 2019-ի բյուջեի նախագիծը կազմել՝ կրճատելով դեֆիցիտը 0,6%-ով: Սակայն հոկտեմբերին Իտալիայի կողմից Եվրահանձնաժողովի քննարկմանը ներկայացված բյուջեի նախագծում նախատեսված էր դեֆիցիտի ավելացում 0,8-0,9%-ով՝ սոցիալական ծրագրերի ընդլայնման նպատակով: 

Ըստ փորձագետների՝ ևս մեկ ռիսկ է ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը, որը պետք է կայանա 2019-ի մարտի 29-ին: Նշվում է, որ եթե Brexit-ը կայանա «խիստ» սցենարով, այսինքն եվրոպական բլոկի հետ բոլոր կապերի խզմամբ, ապա երկրի ՀՆԱ-ի անկումը 2030 թվականին կարող է կազմել 3%:

Այլ ռիսկերի շարքում նշվել են նավթի գների տատանումները, մասնավորապես ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու ՕՊԵԿ անդամ-պետությունների գործողությունները: 

Թողնել մեկնաբանություն