Գլխավոր Նորություններ

Ավանդները հասել են ռեկորդային մակարդակի ՝ 2.7 տրլն դրամ

Ավանդները հասել են ռեկորդային մակարդակի ՝ 2.7 տրլն դրամ

Երկուշաբթի 03.09.2018

Առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից։

2.7 մլրդ դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, որ ապրիլին՝ քաղաքական իրադարձություններով պայմանավորված, ավանդները նվազել էին 103.8 մլրդ դրամով, սակայն արդեն մայիսից դրանք սկսեցին վերականգնվել և հուլիսին, ինչպես նշեցինք, գերազանցեցին նախահեղափոխական մակարդակը։

Նշվում է, որ աճ է գրանցվել թե՛ ՀՀ ռեզիդենտների, թե՛ օտարերկրացիների ավանդների գծով։

Ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդները մարտի վերջի 432.9 մլրդ դրամից հուլիսի վերջին հասել են 472.8 մլրդ դրամի, իսկ դրամային ավանդները՝ 98.4 մլրդ դրամից 101.9 մլրդ դրամի։

Մինչդեռ ՀՀ ռեզիդենտների մոտ արտարժույթով ավանդները մարտի համեմատ նվազել են՝ 1 տրլն 145.2 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 139.1 մլրդ դրամի։ Իսկ դրամային ավանդները մարտի 966.6 մլրդ դրամից հուլիսի վերջին հասել են 986.6 մլրդ դրամի։

Այդուհանդերձ, դոլարայնացման մակարդակը թե՛ ռեզիդենտների, թե՛ հատկապես ոչ ռեզիդենտների մոտ շարունակում է բարձր մնալ. արտարժութային ավանդների կշիռը ավելի մեծ է, քան դրամայինների։

Թողնել մեկնաբանություն