ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աջակցել է ֆրանսահայ բժիշկների ծրագրին

Հինգշաբթի 30.08.2018

Ֆրանսահայ բժիշկների միությունը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ, Լոռու մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը։

Այս տարի UMAF-ի բժիշկները ծրագրի ավարտական փուլում 9 օրվա ընթացքում հետազոտեցին շուրջ 500 երեխայի և նրանցից 327-ի համար ակնոցներ պատրաստեցին։

Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Պետրոս Օհանյանը իր խոսքում նշեց. «Մենք արդեն 15 տարի է գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Գարնանը ես եմ գալիս, աշխատում ենք բուժքույրերի հետ, նրանց վերապատրաստում ենք, որպեսզի մինչև մեր խմբի Հայաստան գալը նրանք նախնական ուսումնասիրություն անեն և ստուգեն երեխաների տեսողությունը։ Եթե ԱԿԲԱ-ի աջակցությունը չլիներ, մեզ համար ավելի դժվար կլիներ, ավելի քիչ երեխաների կկարողանաինք ստուգել, ավելի քիչ ապակիներ կկարողանայինք գնել։ ԱԿԲԱ-ի հետ կարողանում ենք ավելի մեծացնել այն գործը, որը ինչպես նշեցի իրականացնում ենք վերջին 15 տարիների ընթացքում»։

Օհանյանի խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:

Ամբողջ տարվա ընթացքում Սպիտակում և հարակից 20 համայնքում հետազոտվել են շուրջ 3500 երեխա: