Գլխավոր Նորություններ

3 ամսում ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն, ինչի վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի աճը․ Տիգրան Խաչատրյան

3 ամսում ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն, ինչի վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի աճը․ Տիգրան Խաչատրյան

Ուրբաթ 03.05.2019

ԱՎԾ-ի՝ ապրիլին հրապարակած տվյալները վկայում են, որ 3 ամսում ունենք 6․5 տոկոս տնտեսական ակտիվություն, որը միջին հաշվով համադրելի է նաև նախորդ 3 տարվա ցուցանիշների հետ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ նախորդ 3 տարիների համեմատ՝ ոլորտներ կան, որտեղ անկում կա, ոլորտներ կան, որտեղ շեշտակի աճ կա։ Խաչատրյանի խոսքով՝ 6․5 տոկոս տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի աճը՝ 2 տոկոսով,  որը համեմատաբար ցածր է նախորդ 3 տարիների միջին ցուցանիշներից։

«Բայց սա բացատրվում է նրանով, որ արդյունաբերական արտադրանքում ունենք լեռնահանքային ոլորտի արտադրանք, ինչը վերջին 2 ամսում նվազել է 20 տոկոս անվանական արժեքով։ Սակայն այս անկումն էլ ունի իր պատճառները, որոնցից առաջինն այն է, որ մետաղների գինը համաշխարհային շուկայում ավելի ցածր է, քան 2018 թ․ առաջին եռամսյակում՝ 12-15 տոկոսի չափով։ Ալյումինը շեշտում եմ, որովհետև արտահանվող ապրանքների մեջ մեծ դեր ունի ալյումինի փայլաթիթեղը, որի գնագոյացման վրա բորսայական գինն ազդում է»,- մանրամասնեց նա։

Միևնույն ժամանակ նախարարը՝ որպես լավ ազդակ, առանձնացրեց մշակվող արդյունաբերության լավ տեպմով աճը։ Նրա գնահատմամբ՝  այս ոլորտում առնվազն 7․5-8 տոկոս աճ կա։

«Սա նշանակում է, որ մեր տնտեսության այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքային ռեսուրսների վրա, այսինքն՝ վերջնական սպառման արտադրանք են ներկայացում, լավ տեմպերով աճում են»,-շարունակեց Խաչատրյանը։

Նախարարը հավելեց, որ աճ կա նաև ծառայությունների ցուցանիշում՝ 17․3 տոկոս, ինչը բարձր է նախորդ բոլոր տարիների ցուցանիշներից։ Տիգրան Խաչատրյանն աճ արձանագրած ոլորտների մեջ առանձնացրեց նաև ներքին առևտրային շրջանառությունը՝ նկատելով, որ այս  ոլորտում 10 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն է եղել։

«Ինչպես նաև շինարարության ծավալի աճը՝ նախորդ տարվա առաջին 3 ամիսների նկատմամբ կազմել է 10․8 տոկոս, իսկ գյուղատնտեսությունն ունեցել է մոտավորապես նույն ծավալը, ինչ 2018 թվականին էր»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանը։

Թողնել մեկնաբանություն