Գլխավոր Նորություններ

2021-ից սկսած նոր պատուհան կբացվի, և պատրաստ կլինենք ՀՀ-ին վարկ տրամադրել կրթության և առողջապահության ոլորտներում. ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն

2021-ից սկսած նոր պատուհան կբացվի, և պատրաստ կլինենք ՀՀ-ին վարկ տրամադրել կրթության և առողջապահության ոլորտներում. ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն

Հինգշաբթի 02.05.2019

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բանկն այս տարի Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 4,3%, 2020-ին`4,5 %: «Մենք բավականին լավատես ենք Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալի առումով, քանի որ նախորդ 10-20 տարիների ընթացքում տարբեր ենթակառուցվածքներում կատարված ներդրումները և ռեֆորմները պետք է, որ իրենց արդյունքները տան, և բավականին մեծ արդյունքներ ենք ակնկալում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նոր վարկային ծրագրերին, ապա Շեյն Ռոզեյնթալը նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ 2021 թվականից սկսած նոր պատուհան կբացվի, որ հնարավոր կլինի նոր վարկեր վերցնել, և 2021-2023 թվականներին իրենք պատրաստ կլինեն վարկային օժանդակություն տրամադրել կրթության և առողջապահության ոլորտներում:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին կքննարկվի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի թույլատրելի շեմի հնարավոր վերանայումը: Որքանո՞վ եք սա մտահոգիչ համարում և որքանո՞վ եք մեր արտաքին պարտքը կառավարելի գնահատում:

-Պետական պարտքը կառավարելը կախված է տնտեսության չափից։ Դա մի քանի պատճառներով է կարևոր: Օրինակ՝ եթե ձեր տնային տնտեսությունը շատ պարտք վերցնի, ամսական վճարը, որ պետք է բանկին վճարել՝ ներառյալ տոկոսները, կարող է մեր եկամուտի մեծ չափաբաժինը դառնալ։ Հետևաբար, շատ քիչ գումար կարող է մնալ մեր ընտանեկան բյուջեում երեխաների կրթության կամ տանիքի վերանորոգման համար։ Պատկերացրեք, որ  ռուսական տնտեսությունը սանկցիաների է ենթարկվում, կամ նավթի գնանկում է լինում, ապա այդ ամենն իր բացասական տնտեսական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Հետևաբար, շատ կարևոր է ունենալ պահուստային միջոցներ այդ բացասական ազդեցությունը մեղմելու համար։ Այս ամենը հաշվի առնելով էլ պետք է տնտեսության նկատմամբ պետական պարտքի բեռը շատ բարձր չլինի:

 -Բայց մեր արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտ է 60%-ին, և այս պարագայում ի՞նչ եք կարծում, բարձրացնելու անհրաժեշտություն կա՞, ի՞նչ կառաջարկեք Դուք:

-Սա այն որոշումն է, որը կառավարությունը պետք է կայացնի՝ հաշվի առնելով այն գործոնները, որոնք նշեցի։ Բայց նաև պետք է հավասարակշռեն՝ հաշվի առնելով կարիքները, ներդրումները, որն անհրաժեշտ կլինի հետագա աճի համար։ Սովորաբար մեր խորհուրդը այս պարագայում լինում է այն, որ կառավարությունը շատ ուշադիր լինի այդ որոշումը կայացնելիս, և պետք է ասեմ՝ կառավարությունը շատ զգուշավոր է կառավարում խնդիրը։ 

Մինչ այս այդ ուղղությամբ արվող Հայաստանի քայլերը ցույց են տվել, որ բավականին զգուշավոր են եղել և հետևել են միջազգային լավագույն փորձերին։ Տենդեցն այնպիսին է, որ նաև նոր կառավարությունը շարունակում է քայլեր նախաձեռնել պարտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնելու ուղղությամբ: Բայց նույնքան կարևոր է, որ կառավարությունը որպես առաջնահերթություն է սահմանում ներդրումները, որոնք կատարվում են ընթացիկ ծախսերի նկատմամբ։ Ներկայիս կառավարությունը շարունակում է մի դեպքում փորձել զսպել և չավելացնել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, մյուս կողմից՝ հասկանում է, թե որքան կարևոր են ներդրումներ կատարել երկրի հետագա զարգացման ուղղությամբ երկարաժամկետ ձևաչափով:

-Նիկոլ Փաշինյանը պատգամավորական տարիներին բոլոր վարկային համաձայնագրերին քվեարկել է դեմ, քանի որ կառավարությանը համարել է կոռումպացված, հիմա ինչպե՞ս եք գնահատում այս վարքագծի փոփոխությունը:

-Ես տեսնում եմ, որ երկու բան է տեղի ունենում, առաջինն այն է, որ կառավարությունը փորձում է խաղի կանոնները դարձնել արդարացի, թափանցիկ և հավասար բոլորի համար։ Եվ կառավարությունը շատ մեծ շեշտադրում է դնում հակակոռուպցիոն միջոցառումների վրա, որը շատ կարևոր է ապահովելու ներդրումների և վարկային միջոցների ավելի արդյունավետ օգտագործման հարցում։

-Այսինքն` կիսո՞ւմ եք կարծիքը, որ նախկինում կոռուպցիոն ռիսկն առավել մտահոգիչ էր:

-Գոյություն ունի «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» կոռուպցիայի ընկալման ինդեքսը։ Մենք սպասում ենք, տեսնենք, թե ինչպես են մարդկանց ընկալումները փոխվել։ Անշուշտ, մեկ տարվա ընթացքում ակնհայտ է, որ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ: Մենք անընդհատ տեսնում ենք, որ հայտարարություններ են արվում, որոնք վերահաստատում են կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, բիզնես իրականացնելու համար արդարացի խաղի կանոններ սահմանելը, ինչպես նաև հանրային ծառայությունները հասանելի դարձնելը։ ԱԶԲ-ի համար՝ որպես հանրային և մասնավոր ոլորտի ներդրումների ֆինանսավորող, շատ կարևոր է այդ ազդակը, որ կոռուպցիան չի հանդուրժվելու, որովհետև սա հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի լավ միջավայր ստեղծվի ծրագրերը էլ ավելի արդյունավետ և ժամանակին իրականացնելու համար։ Սա նաև լավ ազդակ է բիզնեսին, որ Հայաստանն այն տեղն է, որ կարող են գումարները ներդնել, ունենալ վստահություն և որոշակիություն ապագայի նկատմամբ։

-Նոր վարկեր, նոր ծրագրեր լինելո՞ւ են:

-Առաջիկա երկու տարիների ընթացքում մենք հիմնականում կենտրոնանալու ենք քաղաքականության բարեփոխումների վրա, տեխնիկական աջակցություններ ենք տրամադրելու, քաղաքականության վրա հիմնված տարբեր օժանդակություն ենք տրամադրելու։ Կառավարությունն ակնկալում է, որ 2021 թվականից սկսած նոր վարկեր վերցնելու համար պատուհան կբացվի, և 2021-2023 թվականներին մենք պատրաստ կլինենք վարկային օժանդակություն տրամադրել կրթության և առողջապահության ոլորտներում: Դեռ շատ վաղ է խոսել դետալների մասին, բայց այս տարվա վերջում կկարողանանք հստակեցնել։

Կարևոր է շեշտել, որ ԱԶԲ-ն կարող է օժանդակել կառավարությանը՝ ոչ միայն պետությանը վարկավորելով, բայց լավագույն լուծումը պետություն-մասնավոր հատվածի ֆինանսավորման համար հնարավորություններ ստեղծելն է։ Այստեղ մենք կարող ենք տրամադրել առանց պետական երաշխիքի, պետական երաշխիքով մասնավոր հատվածի վարկեր, և եթե պետք է, նաև կարող ենք պետությանը տրամադրել վարկ։ Մենք փորձում ենք օգնել մասնավորին, մասնավոր սեկտորն էլ ինքն արդեն օգնում է կառավարությանը: Ամեն տարի մենք գրանտային տեխնիկական օժանդակություն ենք տրամադրում ծրագրերի իրականացման համար կարողությունների զարգացման, բարեփոխումների համար։ Մենք նաև ցանկանում ենք օգնել կառավարությանը, որ կառավարությունը պատրաստ լինի դիմակայելու կլիմայի փոփոխություններին:

 -Իշխանության կողմից հայտարարվել է, որ իրականացվում է տնտեսական հեղափոխություն, արդյոք Դուք նկատում եք այդ հեղափոխությունը, և արդյոք այսօրվա տնտեսական քաղաքականությունը էականորեն տարբերվո՞ւմ է նախորդ կառավարության տնտեսական քաղաքականությունից:

-Քաղաքական հեղափոխությունը մի քանի հիմնական բաների վրա էր հիմնված, առաջինը մտածելակերպի փոփոխություններ էին, երկրորդը խաղի կանոնների փոփոխությունն էր ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական տեսանկյունից, երրորդը ավելի մեծ թափանցիկության ապահովումն էր, չորրորդը՝բաշխվածությունը և արդարությունը, թե ինչպես են սոցիալական օգուտները բաշխվում:

Կարծում եմ, որ նույն գործոնները պետք է կիրառվեն տնտեսական հեղափոխության համար։ Ինչ վերաբերում է մտածելակերպին, ապա արդյո՞ք քաղաքացիները և բիզնեսմենները մտածում են, որ վերևից ինչ-որ բան է ընկնելու, թե իրենց մտածելակերպի փոփոխություն ասվածը հետևյալն է, որ իրենք ակտիվ մասնակից են լինելու տնտեսության մեջ:

-Այսինքն`ինչպես վարչապետն է ասում, ամեն մեկը պետք է իր քա՞յլն անի դեպի տնտեսական հեղափոխություն:

-Անշուշտ, ամեն մեկն իր կարողությունների չափով պետք է քայլ անի դեպի տնտեսական հեղափոխություն, բայց նաև չպետք է մոռանալ ավելի քիչ կարողություններ ունեցող հասարակության անդամների մասին, խոցելի խմբերի մասին, և այդ մարդիկ աջակցության կարիք ունեն: Երևի թե ամենահիմնարար էլեմենտը հեղափոխության մտածելակերպի փոփոխությունն է, քանի որ դա նորից է սահմանում քաղաքացի-կառավարություն, քաղաքացի-տնտեսություն հարաբերությունը:

Երկրորդը խաղի կանոնների փոփոխություններ են․ վարչապետն այս հարցում շատ հստակ արտահայտվել է՝  ներկայացնելով մեծ մրցակցությունը և վերացնելով հստակ արտոնությունները, որոնք հանգեցրել էին անարդյունավետության, որը սահմանափակում էր օգուտները մարդկանց համար: Երրորդ էլեմենտը թափանցիկությունն է, որը կարող է հզոր էլեմենտ լինել բիզնեսի համար՝ որդեգրելով ժամանակակից կորպորատիվ կառավարումը։  Տնտեսական հեղափոխության չորրորդ էլեմենտը տնտեսական աճից ստացվող օգուտները ավելի արդարացված բաշխելն է:

-Խոսեցիք մտածելակերպի փոփոխության մասին, հաշվի առնելով, որ Ձեր հիմնական առաքելությունն աղքատության դեմ պայքարն է, կիսո՞ւմ եք վարչապետի մոտեցումը, թե աղքատությունը նախևառաջ մարդկանց գլուխներում է, և արդյո՞ք տեսնում եք կոնկրետ քայլեր կառավարության գործունեության մեջ` նվազեցնելու աղքատության ցուցանիշը:

-Կարծում եմ, որ վարչապետը շատ կարևոր միտք էր փորձում հաղորդել`անդրադառնալով մտածողությանը, թե ինչպես ենք մենք գնահատում մեր կարողությունները այդ իրավիճակից դուրս գալու համար։ Նա նկատի չուներ նյութական աղքատությունը, այլ մտածելակերպը։ Սա շատ կարևոր միտք է:

Աղքատության կրճատումն անմիջականորեն կապված է տնտեսության աճի հետ: Եվ եթե անգամ տնտեսական աճ կա, ապա կառավարությունը պետք է նոր հնարավորությունները հասանելի դարձնել խոցելի խմբերի համար: Կառավարությունը դա շատ լավ գիտի, դրա համար էլ ներդրում են անում, մասնավորապես առողջապահության և կրթության ոլորտներում: Եվ մենք աշխատում ենք կառավարության հետ այս ոլորտները վերափոխելու հարցում։

- 2019 թվականի Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վերանայե՞լ եք, և աճի տեմպն ինչպե՞ս եք գնահատում:

-Այս տարվա համար կանխատեսում ենք 4,3 տոկոս, մյուս տարվա համար` 4,5 տոկոս:

-Այսինքն՝ ավելի նվազ, քան կառավարության կանխատեսումն է:

-Տնտեսական աճի կանխատեսման տարբեր մոտեցումներ կան, և դրանք բոլորն էլ կենտրոնանում են ներդրումների պոտենցիալ կարծիքների վրա, այսինքն՝ որն է երկարաժամկետ կտրվածքով տնտեսական աճի կայուն պոտենցիալը և դրա փոփոխականությունը ամեն տարի: Ե՛վ միջազգային կառույցների, և՛ կառավարության միջև կա համաձայնություն, որ տնտեսական աճի պոտենցիալը կտատանվի 4,5-5%-ի սահմաններում։

Մենք բավականին լավատես ենք Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալի առումով, քանի որ նախորդ 10-20 տարիների ընթացքում տարբեր ենթակառուցվածքներում կատարված ներդրումները և ռեֆորմները պետք է, որ իրենց արդյունքները տան, և բավականին մեծ արդյունքներ ենք ակնկալում: Բացի այդ, դրական սպասումների հաջորդ կարևոր գործոնը IT ոլորտի լուրջ պոտենցիալն է, որը գրավում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, ինչպես նաև սփյուռքը, որը շատ մեծ միջոց է Հայաստանի համար։ Նրանք ոչ միայն պատրաստ են աշխատել պետական սեկտորում, այլ նաև ներդրումներ անել։

Թողնել մեկնաբանություն