1 տարում՝ 14,7 մլն դոլար. Սթիվեն Քանդարյանը ներառվել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող գլխավոր գործադիր տնօրենների ցանկում
Ուրբաթ 03.05.2019
|
Բիզնես ոլորտում գլխավոր գործադիր տնօրեններն ամենաշատ վարձատրվող պաշտոնյաներն են, որոնք երբեմն սովորական աշխատակիցներից ավելի քան 1000 անգամ ավելի շատ գումար են ստանում:
Այս մասին ասվում է 24/7 Wall St.-ի զեկույցում, որում անդրադարձ է արվել Միացյալ Նահանգներում ամենաշատ վաստակող գլխավոր գործադիր տնօրեններին:
Ընդհանուր առմամբ ցանկում ներառվել է 101 ղեկավար: Համաշխարհային ապահովագրական MetLife հոլդինգի հայազգի նախագահ, ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Քանդարյանը զբաղեցրել է ցանկի 73-րդ հորիզոնականը: Մեծահարուստը մեկ տարում ստացել է 14,7 մլն դոլար:
Ինչ վերաբերում է ցանկի առաջատարներին, ապա նրանք են Oracle ընկերության ղեկավարներ Սաֆրա Քաթսն ու Մարկ Հուդը, որոնցից յուրաքնչյուրը մեկ տարում ստացել է 108,3 մլն դոլար:
Երրորդ տեղում է Disney-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Այգերը՝ 65,6 մլն դոլար ցուցանիշով: Նշվում է, որ Այգերն ընկերության միջին վիճակագրական աշխատողներից 1424 անգամ ավելի շատ է վարձատրվել:
Չորրորդ հորիզոնականում Comcast-ի ղեկավար Բրայան Ռոբերտսն է, որը 32,5 մլն աշխատավարձ է ստացել: Առաջատար հնգյակը եզրափակել է J.P. Morgan Chase-ի ղեկավար Ջեյմս Դայմոնը՝ 31 մլն դոլար ցուցանիշով: