«Կոնվերս Բանկը»-ը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժերը

Հինգշաբթի 12.07.2018

Արձագանքելով Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին՝ «Կոնվերս Բանկը» որոշում է կայացրել զիջելու ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավել օր ժամկետանց անհուսալի դասակարգված վարկերի գծով հաշվարկված տույժերը՝ վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով:

«Բանկը պատրաստակամություն է հայտնում նշված վարկերը վերավարկավորել՝ մինչև 7 տարի մարման ժամկետով, հաշվի առնելով պարտավորության մեծությունը, դրամական հոսքերը, դրանց սեզոնայնությունը և առաջարկվող ապահովվածությունը: Ակնկալում ենք, որ նոր, համաձայնեցված ժամանակացույցով վարկային պարտավորությունները պատշաճ կատարող հաճախորդները կվերականգնեն իրենց վարկային պատմությունը և կընդլայնեն Բանկի հետ համագործակցելու և նոր պրոդուկտներից օգտվելու հնարավորությունները:

Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. տարեվերջ դիմել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման ժամանակացույցը քննարկելու համար։

Չնայած Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերվում են ֆիզիկական անձանց վարկերին, մշակվում է վարկային պարտավորությունների վերակառուցման ծրագիր, որը կտարածվի նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով անհուսալի դասակարգված վարկերի վրա»,-ասված է «Կոնվերս Բանկի» տարածած հաղորդագրությունում։