Ընկերությունների ու բրենդների մասին պատմություններ, որոնք իրականում հորինվածք են

Երկուշաբթի 03.12.2018

Մի շարք լեգենդար ընկերությունների, ապրանքների ու լոգոների ստեղծման հիմքում ընկած են բավականին գրավիչ ու հետաքրքիր պատմություններ: Սակայն ժամանակի ընթացքում կատարված ճշգրտումները ցույց են տվել, որ դրանք հորինվածքներ են եղել, որոնք շատ հաճախ առաջ են քաշվել հենց հիմնադիրների կողմից, իսկ երբեմն էլ՝ սպառողների: Ներկայացնում ենք ընկերությունների ու բրենդների 4 պատմություններ, որոնք իրականում այլ կերպ են տեղի ունեցել, քան ներկայացվում է:  

 

Apple 

Apple-ի լոգոյի մասին բազում լեգենդներ կան, բայց դրանցից ամենահայտնին, կապված է անգլիացի մաթեմատիկոս ու  գաղտնագրող Ալան Թյուրինգի անվան հետ: Թերևս այս պատմության ամենատարածվածը լինելու հիմքը դրա հուզականությունն է:

Չնայած Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թյուրինգի ունեցած մեծ ավանդին (նա կոտրում էր Նացիստական Գերմանիայի գաղտնագրերը)՝ նրա նկատմամբ հետապնդումներ սկսվեցին՝ միասեռականության կասկածանքով: 1952 թվականին մաթեմատիկոսին ստիպեցին հորմոնային թերապիա անցնել, որը ենթադրում էր քիմիական կաստրացիայի իրականացում: Մեկ տարի անց Թյուրինգին մահացած հայտնաբերում են իր տանը՝ կողքին կծած խնձոր, որը թունավորված էր ցիանիդով (կապտաթթու): Կատարված հետազոտությունն արձանագրեց, որ կատարվածն ինքնասպանություն էր, չնայած հետագայում բազում հետազոտողներ սկսեցին պնդել, որ տեղի ունեցածն ընդամենը դժբախտ պատահար էր:   

Հաճախ են պնդում, որ հենց ի հիշատակ Թյուրինգի է կծած խնձորն ընտրվել որպես Apple-ի լոգո: Բայց իրականում լոգոյի հիմնադիր դիզայներ Ռոբ Յանովն ընդամենը ցանկացել է այդկերպ տարբերակելի դարձնել լոգոյի խնձորը այլ շրջանաձև մրգերից ու բանջարեղեններից: 

 

Vans

Vans սպորտային կոշիկները՝ կեդերը, ունեն մի առանձնահատկություն. կոշկատակին (подошва) նայելիս նկատելի են դառնում Դավթի աստղերին նմանվող պատկերներ, ինչը հրեականության ու հուդայականության հիմնական խորհրդանիշն է: Այս առանձնահատկությունն հանգեցրեց նրան, որ բրենդի հիմնադիրներին անգամ սկսեցին նեոնացիստներ անվանել:  Բազում սպառողներ անգամ ենթադրում էին, որ այդկերպ հիմնադիրները փորձել են կոշիկի կրողներին հնարավորություն տալ «ոտնակոխ անել» հրեաներին:  

Իրականում սակայն սպորտային կոշիկների դիզայներները կոշկատակը լցրել են Դավթի աստղերին նմանվող փոքր բջիջներով, որոնք կոշիկն ավելի հուսալի ու կայուն են դարձնում: Բրենդի հիմնադիրներն անգամ բավականին ուշ՝ սպառողների արձագանքներից հետո են նկատել 6-կողմանի աստղի նմանվող պատկերները: Հայտնի է, որ 2006 թվականին Vans-ը տարածված խոսակցությունները հերքող հայտարարությամբ է հանդես եկել հրեական՝ Anti-Defamation League իրավապաշտպան կազմակերպությունում, որից հետո լիգայի ներկայացուցւչները հայտնել են, որ բավարարված են բացատրություններով, և դիզայնը մնում է դիզայն:

 

VK

Ժամանակին բազմաթիվ խոսակցություններ էին տարածված, թե VK և Telegram սոցցանցերի հիմնադիր համարվող Պավել Դուրովն իրականում ընդամենը ոգեշնչման աղբյուր է եղել, իսկ հիմնական հիմնադրման աշխատանքներն իրականացրել է նրա եղբայրը՝ Նիկոլայ Դուրովը: Լուրեր կային նաև առ այն, որ Պավելն առհասարակ գլուխ չի հանում ծրագրավորումից:

Իրականում Պավել Դուրովը ծրագրավորում սկսել է սովորել դեռևս դպրոցում. հայտնի է, որ նրա առաջին համակարգչային «փորձարկումը» եղել է համակարգչի էկրանին ուսուցչի նկարի տեղադրումը՝ «Must die» («Նա պետք է մեռնի») գրությամբ: «ВКонтакте»-ի առաջին տարբերակը Պավելն ինքն է թողարկել: Հետագայում նա ղեկավարել է բոլոր նոր աշխատանքային պլաններն ու ընդունել գլխավոր որոշումները  VK հարցով: Նիկոլայ Դուրովն սկզբում օգնում էր եղբորը խորհուրդներով, իսկ ծրագրերի զարգացմանը միացել է միայն մեկուկես տարի հետո, երբ նախագիծն արդեն թողարկված էր:

 

YouTube

Ժամանակակից ամենահայտնի վիդեո-հարթակը ստեղծել են PayPal վճարային համակարգի նախկին 3 աշխատակիցներ: Երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ երեկույթներից մեկի ժամանակ 3 հիմնադիրները տեսանյութ են նկարահանել, բայց չեն գտել դրանով արագ կիսվելու հնարավորություն, և հենց այստեղից էլ առաջ է եկել YouTube-ի ստեղծման գաղափարը:

Հետագայում հիմնադիրներից մեկը հայտնել է, որ նման երեկույթ անգամ չի էլ եղել, և YouTube-ի ստեղծման միտքն իրենք վաղուց են ունեցել և զարգացրել: Ավելի ուշ մյուս երկու անդամները պնդել են, որ երեկույթն այնուամենայնիվ տեղի ունեցել է, բայց իրենց երրորդ գործընկերը չի մասնակցել դրան: