Ճիշտ անվանման ընտրությունը՝ բիզնեսի հաջողության գրավական. ինչի՞ն նվիրել հիմնական ուշադրությունը

Երեքշաբթի 27.11.2018

Սկզբում դուք աշխատում եք անվանման վրա, ապա անվանումն է աշխատում ձեզ վրա: Նշված սկզբունքն արդիական է ցանկացած բիզնես նախաձեռնության կայացման գործընթացում: Հայտնի են բազում օրինակներ, երբ սխալ անվանման ընտրությունը դառնում է բիզնեսի ձախողման գլխավոր պատճառներից մեկը: Երբ խոսքը գնում է բիզնեսի համար անվանում ընտրելու հարցի մասին, առաջին իսկ արձագանքը հանգում է հնարավորինս հետաքրքիր ու գրավիչ անվանում ընտրելուն, սակայն հարցն առավել կարևոր կողմ ունի, որին քչերն են ուշադրություն դարձնում:

Ինչ խոսք, ընկերության համար փայլուն անվանում ընտրելը կարևոր է, սակայն դա դեռ գործի կեսն է: Պակաս էական չէ անվանման իրավաբանական գրանցումը: Հրաշալի է, երբ ձեռնարկատերն այս մասին նախապես է հոգ տարած լինում, մինչև անվան ընտրությունը: Սակայն առավել հաճախ հանդիպում են դեպքեր, երբ գործարարներն անվանում են հորինում, գործարկում են բիզնեսը, թողարկում գովազդ, և այս ամենը հաջողությամբ աշխատում է միառժամանակ: Բայց, մի գեղեցիկ օր հայտնվում է տվյալ անվանման իրավաբանական սեփականատերը, և հաջողված բիզնեսը մի րոպեում ձախողվում է:

 

Սկզբում՝ ռազմավարություն, ապա նոր՝ կրեատիվ

Մինչ բրենդի անվանման մշակումը՝ անհրաժեշտ է նախ պլանավորել «նեյմինգի» ռազմավարական մասը: Պետք է ուսումնասիրել մրցակցային միջավայրը և կազմել բրենդի բնութագրիչների փաստաթուղթ, որում պետք է արտացոլվեն թիրախ-լսարանը, արտադրանքի առանձնահատկությունները և այլն: 

Ապա՝ հարկավոր է կողմնորոշվել՝ երկար թե՞ կարճ անվանում: Բոլորն էլ ցանկանում են ընտրել այնպիսի անվանում, որ կարճ է, հեշտորեն կներկայացվի և մայրենիով և լատինատառ, բացի այդ՝ կլինի յուրահատուկ ու ստեղծարար: Նշենք, որ մասնագետների կարծիքով, կարճ անվանումը հաջողության գրավական չէ, քանի որ այն չի փոխանցում անհրաժեշտ էմոցիոնալ գույներ և տպավորիչ չէ: Ժամանակի առավել տարածված միտումներից են բառակապակցությունների տեսքով անունները, բացականչական նշանները և այլն:

 

Միայն անունը չէ, որ կարևոր է

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ միայն բրենդի անվանման որոշումը դեռ բավարար չէ, կարևոր է դրա գրանցումը, այլապես անգամ ամենակրեատիվ գաղափարներն ու դրանց վրա ծախսված ժամանակը կարող են զուր կորչել:

Գոյություն ունի բրենդի անվանման ստուգման երկու եղանակ. առաջնային ստուգում և խորքային ստուգում: Առաջինը ենթադրում է այն անվանումների ստուգում, որոնք արդեն գրանցված են և առկա են բազայում, բայց այս ստուգումը 100-տոկոսանոց երաշխիքներ չի տալիս, որ ձեր բրենդի անվանումը ոչ ոք չի յուրացրել:

 

Անվանման չափանիշները

1) Իրավաբանական- եզակիություն, ապահովություն և անվանումը տարաբնույթ շուկաներում ազատորեն կիրառելու հնարավորություն:
2) Կոմերցիոն- յուրօրինակություն, հնչեղություն, անվանման մեջ «հաղորդագրության» առկայություն, կիրառելիության հեռանկարներ:
3) Հոգեբանական-էմոցիոնալ- արտահայտչականություն, էսթետիկա, թիրախին հասնելու ունակություն, արտաբերման առանձնահատկություններ, գրավչություն:

Ի վերջո, կարևոր է այն բանի գիտակցումը, որ բրենդի անվանումը ժամանակավոր պատմություն չէ: Սկսել մի անվանումով, իսկ հետագայում փոխել այն՝ հազվադեպ է հաջողվում՝ ի տարբերություն, օրինակ, դիզայնի: