4 փաստ բիթքոինի մասին, որ հետաքրքիր է իմանալ

Ուրբաթ 07.12.2018

Ամենահայտնի ու պահանջված Bitcoin կրիպտոարժույթի գինն այսօր գերազանցում է 11 հազ դոլարը: Չնայած այս շուկայի բավականաչափ մեծ անկայունությանը՝ կրիպտոարժույթը շարունակում է մեծ պահանջարկ վայելել: Փորձագետները խորհուրդ են տալիս կրիպտոարժույթներում չներդնել ավելի շատ գումար, քան պատրաստ եք ռիսկի դիմել կորցնելու: Ստորև ներկայացնում ենք ամենապահանջված կրիպտոարժույթի մասին մի քանի հետաքրքիր փաստ:

 

1. Բիթքոինի ստեղծողի առեղծվածը

2009 թ. բիթքոինի ստեղծումից սկսած՝ շրջանառության մեջ բազում վարկածներ են եղել առ այն, թե իրականում ով է կրիպտոարժույթի «հայրը»: Բիթքոինն ստեղծած անձը ներկայացել է Սատոշի Նակամոտո անվան ներքո, սակայն մինչ օրս կասկածներ կան՝ վերջինիս ինքնության հետ կապված: Որոշ կարծիքների համաձայն՝ Նակամոտոն կարող է ոչ թե անհատ, այլ մարդկանց խումբ լինել:

Տարածված է տեսակետ, որ Samsung, Toshiba, Nakamichi և Motorola ընկերությունները համատեղ են ստեղծել բիթքոինը. 
• «Satoshi Nakamoto»
• SAmsung and TOSHIba- Satoshi
• NAKAmichi and MOTOrola- Nakamoto

 

2. Բիթքոինների թիվը սահմանափակ է

Բիթքոինի մայնինգի գոյությունը դեռևս չի նշանակում, որ հնարավոր է անսահմանափակ քանակով կրիպտոարժույթ ստեղծել: Համաձայն նախապես որոշված պլանի՝ նախատեսված է ստեղծել ոչ ավելի, քան 21 մլն բիթքոին: Ներկայումս հաշվվում է մայնինգի միջոցով 16,3 մլն բիթքոինի ստեղծում և վաճառք: Ըստ վիճակագրության՝ վերջին բիթքոինը կթողարկվի 2140 թվականին, որից հետո այլևս բիթքոինի մայնինգ տեղի չի ունենա:

 

3. Բիթքոինի միջոցով գնված առաջին բանը (ապրանքը) պիցցան է եղել

Երբ ստեղծվեցին ամենաառաջին բիթքոինները, դրանք գրեթե արժեք չունեին: 2010 թվականի մայիսի 22-ը հայտնի դարձավ Բիթքոինի պիցցայի օր անունով, քանի որ հենց այդ օրը կատարվեց բիթքոինով առաջին գործարքը՝ գնվեց պիցցա՝ 25 դոլարով, ինչն համարժեք էր 10000 բիթքոինի: Այս գնումը եղել է պաշտոնապես կատարված առաջին բիթքոին-գործարքը:

 

4. Բիթքոին-դրամապանակի կորուստը կնշանակի բիթքոինների կորուստ

Այնպես ինչպես գումարն է պահվում բանկային հաշիվներում, բիթքոինները պահվում են բիթքոին-դրամապանակում, որի անվտանգությունը երաշխավորված է: Սակայն այն կորցնելու դեպքում, օգտատերը անվերադարձ կկորցնի նաև իր ունեցած բիթքոինները: Ոչ ոք չի կարող օգտագործել դրանք, քանի որ բիթքոին-դրամապանակից կարող է օգտվել միայն սեփականատերը: Հայտնի է, որ մինչ օրս բիթքոինների 25 տոկոսը ավերադարձ անհետացել է՝ հենց դրամապանակի կորստի պատճառով: