Տրանսպորտային միջանցքն անցնելու է Զանգեզուրով՝ մեր պատմական տարածքով․ Ալիևը ՏՀԿ գագաթնաժողովին

Ուրբաթ 05.03.2021

Եթե Հայաստանն իրեն նորմալ պահի, կկարողանա օգուտ քաղել տարածշրջանային գործընթացներից։

Իլհամ Ալիև

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության օնլայն գագաթնաժողովի ժամանակ։

Գագաթնաժողովը սկսվել է շնորհավորանքներով՝ ուղղված Իլհամ Ալիևին՝ Արցախյան պատերազմում տարած հաղթանակի ու Արցախի տարածքներն օկուպացնելու առիթով։ Նրանք դա, իհարկե, անվանում են ադրբեջանական տարածքային ամբողջականության վերականգնում ու Ադրբեջանի տարածքների ազատագրում։

Ալիևը ևս մեկ անգամ նշել է, որ Բաքուն փակել է Արցախյան հակամարտության էջը։

Արցախյան հակամարտություն այլևս չկա, այն արդեն պատմություն է։ Մենք կարողացանք ռազմաքաղաքական ճանապարհով վերջ դնել 30 տարի շարունակվող կոնֆլիկտին։ Մարտի դաշտում տարած հաղթանակն էլ հիմա մենք ամրապնդում ենք քաղաքական ճանապարհով։

Իլհամ Ալիև

Ալիևն անդրադարձել է տրանսպորտային միջանցքին, ինչի գոյությունը հերքում է Հայաստանի կառավարությունը։ Ըստ նրա, պատերազմից հետո տարածաշրջանում նոր դարաշրջան է բացվում և տրանսպորտային միջանցքը հնարավորություն կտա գործակցության նոր հարթակ ստեղծել։

Այդ միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, ու իրար է կապելու Ադրբեջանի անբաժան մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի բուն տարածքի ու Թուրքիայի հետ։ Այս ցանցին կմիանա նաև Իրանը։

Իլհամ Ալիև

Ըստ Ալիևի՝  «Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հետ կապված միասնական դիրքորոշում են ցուցաբերում և  եթե Հայաստանն իրեն նորմալ պահի, կկարողանա օգուտ քաղել այդ միջանցքից»։

Մենք հրավիրում ենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին օգտվել Զանգեզուրի միջանցքից։

Իլհամ Ալիև

Գագաթնաժողովի ժամանակ ընդգծել են նաև Ադրբեջանի դերը, որպես Եվրասիայում էներգետիկ անվտանգությունը ապահովող կարևոր գործընկեր երկիր։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին շահագործման հանձնվեց Հարավային գազային միջանցքը ՝ 3500 կմ երկարությամբ, որը միացնում է յոթ երկիր և հանդիսանում է աշխարհի խոշորագույն էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերից մեկը։

Հիշեցնենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Կազմակերպության օնլայն ձևաչափով անցկացվող 14-րդ գագաթնաժողովին մասնակցում էին անդամ բոլոր պետությունները։