Որ դեպքում Ուկրաինան կհրաժարվի Ռուսական էլեկտրաէներգիայից

Չորեքշաբթի 24.02.2021

Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Յուրի Վիտրենկոն նշել է երկու պայման, ըստ որոնց երկիրը կարող է հրաժարվել Ռուսաստանից էլեկտրաէներգիա ներկրելուց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է՝ առաջին հերթին պետք է իրականացվի համապատասխան ենթակառուցվածքի վերականգնում, քանի որ դրանց զգալի մասը պարզապես չի գործում: Իրավիճակը շտկելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ են համակարգային օրենսդրական որոշումներ:

«Հաջորդ տարի Ռուսաստանից էլեկտրաէներգիա ներկրելու իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին կատարել վերանորոգումներ, ինչպես ջերմային կայաններում, այնպես էլ ատոմակայաններում», – ասել է Վիտրենկոն:

Բացի այդ, պաշտոնյան շեշտել է Ուկրաինան Ռուսաստանի և Բելառուսի էներգահամակարգից անջատելու և եվրոպական համակարգին միանալու անհրաժեշտությունը:

«Ցավոք, դա չի արվել, չնայած այս մասին երկար ժամանակ խոսվում էր», – հայտարարել է նա:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա ապրիլին Ուկրաինան դադարեցրել էր էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից և Բելառուսից`կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Հունվարի 3-ին վերսկսվել են գնումները Բելառուսից, իսկ փետրվարից Ուկրաինան սկսել է էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից:

Ավելի վաղ «Ուկրեներգո» ընկերության վարչության ղեկավար Վլադիմիր Կուդրիտսկին հայտարարել էր, որ Կիևը չի հրաժարվի ռուսական էլեկտրաէներգիայից մինչև ջեռուցման շրջանի ավարտը: