5 մլրդ ներդրման դիմաց «Ջերմուկ Գրուպը» հարկային արտոնություն է ստացել. 168.am

Երկուշաբթի 29.03.2021

Կառավարությունը բավարարել է  «Ջերմուկ Գրուպ» ընկերության ներկայացրած հայտն ու ընկերությանը տվել հարկային արտոնություն՝ գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար։

Ընկերությունը 5 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր է իրականացրել, 1․3 մլրդ դրամի քարշակների և կիսակցորդների լրացուցիչ խմբաքանակ ներմուծել Հայաստան։

Ըստ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հիմնավորման՝ հարկային արտոնությունն անհրաժեշտ է նաև, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա առավել արագ կազմակերպել արտահանման գործընթացը:

«Ջերմուկ Գրուպ»-ի  տրամադրած տեղեկության համաձայն` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 16 նոր աշխատատեղ։

Հիշեցնենք՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերության հիմնադիր նախագահն ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է։

Աղբյուր՝ 168.am